ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«... անընդհատ զարկում էին եկեղեցիների զանգերը»

«... անընդհատ զարկում էին եկեղեցիների զանգերը»
15.05.2018 | 00:05

Մասնագիտությամբ կենսաֆիզիկոս, «Մխիթարիչ» ՀԿ նախագահ, հասարակական գործիչ, ՀՀ ԳԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտի երբեմնի գիտաշխատող Խաչիկ Ստամբոլցյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց իր հոր պատմածը 20-րդ դարասկզբին Վարդենիսի եկեղեցու հետ կապված երեք հրաշքների մասին:
«Ես այն ժամանակ փոքր եմ եղել, հորս պատմածն եմ ներկայացնում,- մեզ հետ զրույցում ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Քանի որ Վարդենիսում եղած փոքր, խոնարհ եկեղեցին ավերակ վիճակում է եղել, տեղացիները 20-րդ դարասկզբին որոշել են նոր եկեղեցի կառուցել: Այն ժամանակ Վարդենիսում շատ թուրքեր են եղել, նրանց առաջնորդը` Սամանդ աղան, իր պատշգամբում նստած, տեսել է, թե ինչպես են հայերը սայլերով քար տեղափոխում` Վարդենիսի այժմ գործող եկեղեցին կառուցելու համար: Լեռներից գալու ժամանակ եզներից մեկը ոլորապտույտ ճանապարհից դուրս է եկել և 5-10 մետր բարձրությունից ընկել ներքև: Սակայն ո՛չ եզներն են սատկել, ո՛չ սայլն է շրջվել, ո՛չ էլ քարերն են թափվել: Սա տեսնելով` թուրքերի առաջնորդն իր կողմից մի քանի սայլ քար է բերել, նվիրել հայերին»:


Այդ եկեղեցու հետ կապված հրաշքները, սակայն, սրանով չեն ավարտվում: Տեղի բնակիչներից մեկը, որը մյուսների նման մեջքին կապած քարը վեր բարձրացնելիս է եղել` վարպետներին փոխանցելու համար, մեր զրուցակցի տեղեկացմամբ, բավական մեծ բարձրությունից վայր է ընկել, բայց հրաշքով ոչ միայն չի մահացել, այլև լուրջ վնասվածք չի ստացել, ընկնելուց հետո նույնիսկ վեր է կացել ու քարը բարձրացրել վերև: Անդրադառնալով Վարդենիսի եկեղեցու հետ կապված երրորդ հրաշքին, Խաչիկ Ստամբոլցյանն ասաց.


«Կոլեկտիվացման տարիներին կոմունիստներն այդ եկեղեցին վերածել են կոլտնտեսության պահեստի: 1935 թվականին, երբ մահացել է Վարդենիսի բնակիչներից Թովմաս սարկավագը, այդտեղ կարգված ժողովրդական կոմիսարից տեղացիները խնդրել են թույլ տալ նրա մարմինը հուղարկավորությունից առաջ դնել եկեղեցում: Քանի որ Թովմասի գերդաստանը Վարդենիսում բավականին հայտնի է եղել և հեղինակություն վայելել, նարկոմը, որ կաշվե բաճկոնով, ակնոցով, կարդացած մեկն է եղել, թույլատրել է: Այդ մարդը գիշերը բնական պետքերը հոգալու համար տնից դուրս գալով, հանկարծ տեսել է, որ եկեղեցին այրվում է: Մտածելով, որ Թովմասի հարազատները դրանից ժամեր առաջ վառվող մոմերը մինչ տուն գնալը չեն հանգցրել, կարծել է, թե այդ պատճառով է այրվում կոլտնտեսության պահեստը: Գոռացել, իմաց է տվել շրջապատի բնակչությանը: Մեծ աղմուկ է բարձրացել: Մարդիկ, դույլերն առած, վազել են, որ հրդեհը հանգցնեն: Սակայն տեղում զարմանքից ապշել են` տեսնելով, որ եկեղեցին ոչ թե հրդեհվում է, այլ նրա պատերի վրայով բոցե լեզվակներ են բարձրանում: Երբ ձեռքերը մոտեցրել են այդ բոցերին ու նույնիսկ եկեղեցու պատերին դրել, ջերմություն չի եղել, ձեռքերը չեն այրվել:


Մարտունուց, Վարդենիսի գյուղերից և այլ վայրերից ժողովուրդը հավաքվել, հուզմունքից արտասվել ու ծնկաչոք աղոթել է, որ հրաշք է տեղի ունեցել, Աստված այցելություն է կատարել: Սակայն կարճ ժամանակ անց եկեղեցու մոտ պահակներ են դրել ու մարդկանց արգելել մոտենալ: Երբ իրավակարգի այն ժամանակվա պահապանները Մարտունուց եկել, գանահարել, ծեծել են մարդկանց, պահանջել հեռանալ եկեղեցուց, մեկն ասել է` ինչու՞ եք մեզ ծեծում, ձեր նարկոմն է տեսել: Իմանալով այս մասին` կուսակցական ղեկավարները նրան կանչել են Մարտունի, և երբ կոմիսարը նույնությամբ պատմել է իր տեսածը, ինչ-որ մեկն ուժգին հարվածով նրան տապալել է գետնին, հետո անշարժացած մարմինը ձիու վրա գցել, տարել են, և վարդենիսցիները դրանից հետո այդ մարդու մասին այլևս չեն լսել»:
Համացանցի և տեղեկատվական ահռելի հոսքերի ներկայիս դարում տարբեր առիթներով հաճախ ենք լսում աշխարհի այս կամ այն անկյունում տեղի ունեցած հրաշքների ու հրաշագործությունների մասին: Նման դեպքերում մարդիկ գրեթե միշտ փորձում են բացատրություն գտնել` դիմելով այսօր արդեն հսկայական կարողություններ ունեցող գիտության օգնությանը: Երբեմն դա հաջողվում է նրանց, պարզվում է, որ հրաշքը խաբեության, շառլատանության դրսևորում է կամ բնության ինչ-որ արտասովոր երևույթ: Սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ նույնիսկ ժամանակակից գիտությունն իր արդիական տեխնիկայով ու փայլուն մասնագետներով չի կարողանում բացատրություն տալ հրաշքին, կատարված կամ դեռ շարունակվող արտառոց երևույթին, ակնհայտ փաստերին:


Վերը ներկայացվածներն այն բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսն են, որոնք տեղի են ունեցել ու վկայում են, որ մեր երկրում նույնպես եղել են զարմանալի, անբացատրելի ինչ-որ բաներ ու նույնիսկ հրաշքներ, որոնք արդի գիտության տեսանկյունից դեռ անհնար է բացատրել: Պարզվում է, միայն վերջին 100 տարում այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել, դրանց մի մասի վերաբերյալ ընդամենն աղոտ հիշողություններ են պահպանվել, ականատես վկաներին գտնելը չափազանց դժվար է, եթե ոչ անհնար: Այնուհանդերձ, կան նաև համեմատաբար թարմ դեպքեր, որոնցից ներկայացնենք ևս մեկը, որն իր «Տեսիլքներ և մարգարեություններ ի հայս» ժողովածուով մեզ է փոխանցել Աշոտ Հունանյանը:
«1940-ականների սկզբի մռայլ ժամանակաշրջանի օրերից մի օր խորհրդային իշխանություններից հալածվող Սուրբ Էջմիածնի վանքի տարածք է մտնում մի տարեց թուրք: Բակում այդ ժամանակ գտնվող մի քանի աղջնակներից խնդրում է, որ իրեն հանդիպեցնեն մի որևէ հոգևորականի հետ: Աղջիկներից մեկը` Նադեժդա Հակոբյանը, նրան ուղեկցում է իր հարազատ քեռու` Ս. Սինոդի հոգևոր պաշտոնյա Վահան Կոստանյանի մոտ: Ծերունին իր մասին ասում է, որ վաղուց ապրում է մոտակա Մեհմանդար (այժմ` Հովտաշատ, Արարատի մարզի Մասիս քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք.-Ա.Հ.) գյուղում և հայտնում է, որ իր հոգում ծանրացած մղումն է իրեն դրդել գալու Հայոց Մայր Տաճար և պատմելու տասնամյակների վաղեմությամբ մի եղելություն: Եվ արքեպիսկոպոսի, մի քանի քահանաների և աղջիկների ներկայությամբ սկսում է իր պատմությունը: Ասում է, որ Սարդարապատի ճակատամարտը (տեղի է ունեցել 1918 թ. մայիսի 21-27-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև.- Ա. Հ.) արդեն մի քանի օր շարունակ ընթանում էր, հայերը քաջարի դիմադրում էին, սակայն ուժերը խիստ անհավասար էին, քանի որ թուրքերը շարունակ համալրում էին իրենց շարքերը շրջակա վայրերի թուրքական գյուղերի բնակչությամբ: Նման մի համալրման արդյունքում էլ նա հայտնվում է ճակատում: Այդ ժամանակ թուրքերն արդեն պատրաստվում էին դիմելու վճռական գործողությունների: Եղանակը արևոտ էր ու շոգ, և հանկարծ մի այնպիսի սաստիկ քամի է բարձրանում, ինչպես ծովի հզոր փոթորիկ: Դիրքերում գտնվող թուրքերի աչքերի առջև մի գետ, որը, ըստ իրենց կարծիքի, Սև ջուրը պետք է լիներ, ափերից դուրս ելավ, ու փոթորիկն այդ գետի ջրերը սկսեց շատացնել ու տարածել չորս բոլորը, մի մեծ ծովի վերածվեց, հայերին ամբողջությամբ տակովն արեց ու ծածկեց, և հեռուներում չէր երևում ոչ մի բնակավայր, ամեն ինչ ծածկվել էր այդ ծովի ջրերով և միայն Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի խաչն էր ջրերից դուրս մնացած երևում: Ծովը փրփրած, ալիք առ ալիք շարունակում էր գրոհել դեպի թուրքական դիրքերը: Թուրքերն իրենց կյանքը փրկելու համար դուրս են գալիս դիրքերից և թողնելով զենք, զինամթերք, թնդանոթներ և ամեն ինչ, խուճապահար ու գլխապատառ դիմում են փախուստի: Վախով մեկ-մեկ հետ են նայում և տեսնում, որ ծովը գրոհում է թիկունքից, նրանց հագուստներն էին թրջվում: Նա թվարկում է մի քանի գյուղերի անուններ, որոնց մոտով իրենք անցել են վազքով: Հասնելով բավական հեռու և ապահով վայրեր, կանգ են առնում և միմյանց պատմելով այդ դեպքերի մասին, կարծում են, թե իրենց Ալլահը հայերին արդեն կործանել է, հաղթանակ պարգևել թուրքերին, և իրենք էլ փրկվել են: Միայն որոշ ժամանակ անց են հասկանում հանգամանքների իսկությունը, որ ամեն ինչ ընթացել է իրենց պատկերացումներին հակառակ, որ ոչ մի հեղեղ էլ չի եղել, անգամ անձրև էլ չի եկել, և հայերի ամենազոր Աստվածը պահել է իր փոքրիկ հոտն ու եկեղեցին: Եվ թուրք ծերունին այս հրաշալի պատմությունը անելուց հետո ասում է, որ այս հեղեղի մասին դեռ երկար ժամանակ բազմաթիվ թուրքեր են իմացել ու խոսել»:


Հեղինակի տեղեկացմամբ, թուրք ծերունին ասում է նաև, որ ինքն իրեն պարտավորված էր զգում հայերին այս ամենի մասին անպայման տեղյակ պահելու: Նրան առաջարկում են ընդունել քրիստոնեական մկրտություն, որից թուրքը հրաժարվում է իր հոր հիշատակը նկատի ունենալով, սակայն միաժամանակ նշում է, որ մեծ հարգանքով է վերաբերվում հայոց հավատին ու հայերի Զորավոր Աստծուն:
Իր վերոնշյալ հիշողությունները Նադյա մայրիկը (Նադեժդա Հակոբյանը) տասնամյակներ անց, Արցախյան պատերազմի մութ ու ցուրտ տարիներին պատմել է իր որդուն` ազատամարտիկ Արամին:


«Որպես այս պատմության հավելում,- գրել է Աշոտ Հունանյանը,- հարկ է հիշել, որ այդ բախտորոշ ճակատամարտի ողջ ընթացքում Սուրբ Էջմիածնում շարունակական աղոթք էր ընթանում և անընդհատ զարկում էին եկեղեցիների զանգերը»:
Ընթերցողներին թերևս կհետաքրքրի, թե ով է եղել վերոնշյալ Վահան Կոստանյանը: Վահան արքեպիսկոպոս Կոստանյանը ծնվել է Վաղարշապատում, 1881 թ. փետրվարի 3-ին: 1907-ին ավարտել է Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1905-1920 թթ. աշխատել է Ս. Սինոդում որպես քարտուղար, հետո վարել է տարբեր պատասխանատու պաշտոններ: 1944 թ. ձեռնադրվել է աբեղա, ապա վարդապետ: 1945 թ. օծվել է եպիսկոպոս, իսկ 1949-ին` արքեպիսկոպոս: 1944-1949 թթ. եղել է նախ Իրանա-Հնդկաստանի, ապա Իրանի Հայոց թեմի առաջնորդ: 1949-1954 թթ. գործել է Մայր Աթոռում, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է եղել, իսկ 1954-1955 թթ.` այդ խորհրդի նախագահող անդամ: 1953-1955 թթ. Վրաստանի Հայոց թեմի առաջնորդն է եղել:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ